BBC-ի տեղեկացմամբ՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առայժմ չի ցանկանում նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի չվնասի խաղաղ գործընթացին։ Նրա դիտարկմամբ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը պետք է մնար Եվրոպայի խնդիրը, ԱՄՆ-ը չպետք է միջամտեր, և եթե էական առաջընթաց չլինի, ԱՄՆ-ը իր դերը կարգավորման հարցում կզիջի Եվրոպային։ Նա հավաստիացրել է, որ ամերիկացի զինվորներ ՈՒկրաինայում չեն լինի։                
 

Գիրուկ գեներալը և «մտքի հեղափոխությունը»

Գիրուկ գեներալը և «մտքի հեղափոխությունը»
07.06.2016 | 01:00

Կիրակի օրը Ղարաբաղ վերադարձավ Սամվել Բաբայանը: Մարդկանց մի մեծ խումբ նրան Ստեփանակերտում ընդունեց աղուհացով, դհոլ-զուռնայով և տեղնուտեղը պահանջեց նշանակել պաշտպանության նախարար: Նույնիսկ չլսեցին, թե ինչ է ասում՝ այնքան պատրաստ էին նրան ընդունելու: Իսկ նա մեծ ասելիք ուներ.

«Շնորհակալություն եմ հայտնում, ուրախ եմ, որ մեր հողի վրա ինձ այսպես ընդունեցիք, ես գլուխ եմ խոնարհում: Երկար ժամանակ բացակա եմ եղել մի շարք պատճառներով: Առաջին հերթին` չէի ցանկանում, որ մտնեի Ղարաբաղ ու փորձեի առիթավորել, որ ես խանգարում եմ իշխանություններին, եկել եմ ինչ-որ հարցեր լուծել: Դրա համար երկար ժամանակ բացակա եմ եղել: Առաջին ու գլխավոր պատճառը դա է եղել, որ ես չեմ մտել այստեղ: Բայց հասկանալով վերջին իրադարձությունները, ես պարտավոր եմ եղել գալ ու լինել ձեր կողքին, ձեր հետ, որովհետև ինձ համար գլխավորը ժողովուրդն է: Ես կանեմ ամեն ինչ ինձանից կախված՝ ձեր անվտանգությունն ապահովելու համար: Ինչ վերաբերում է իշխանություններին կամ ինչ-որ քաղաքական խնդիրներին, ես խնդրում եմ իմ խոսկերքը ուղիղ ընդունել, ոչ թե ենթատեքստ գտնել, փորձել ձևակերպումներ տալ, որ իմ գալը քաղաքական ինչ-որ խնդիրներ է լուծում: Ես քաղաքական խաղերի մեջ մասնակից չեմ»:


Ելնելով երևանյան հարցազրույցների արձագանքներից՝ ՊԲ նախկին հրամանատարն ասաց՝ իր գործողություններին քաղաքական աստառ տվողները փորձում են վարկաբեկել՝ «իրենց շարքերին դասել»: «Եթե ես իրանց շարքերը մտնող լինեի, իրենց հետ կլինեի վաղուց: Ես դա չեմ արել, չեմ անում, չեմ անելու: Բայց, միևնույն ժամանակ, ես պարզ բացատրել եմ, որ հոր բողչան չի՝ ինչ ուզեն, էն էլ անեն»: Լրագրողներին պարզաբանեց. «Ես հայ եմ, ղարաբաղցի, Ռուսաստանի իշխանության հետ որևէ կապ չունեմ, եթե մարդիկ հորինում են, քաղաքական ինչ-որ աստառ են կպցնում, դա իրենց պրոբլեմն է»: ՈՒ կրկնեց. «Ես եկել եմ ժողովրդի կողքին լինելու համար, ինձ չի հետաքրքրում նախկին պաշտոն, ներկա պաշտոն: Ժողովուրդը կորոշի»:

Քաղաքականություն վերադառնալու խոսակցությունները փակեց. «Քաղաքական ոլորտում չկամ, որովհետև կա գործող օրենսդրություն, ես երկար ժամանակ բացակա եմ եղել և իրավունք չունեմ մասնակցելու քաղաքական գործընթացներին: Ճի՞շտ է, ապա էլ ինչ քաղաքական մասնակցության մասին է խոսքը»: Բայց և տեղնուտեղը բացեց՝ որպես քաղաքացի իրավունք ունի իր վերաբերմունքն ու աջակցությունը հայտնելու այս կամ այն քաղաքական ուժին, և ուսուցանեց. «Պետք է հասկանալ, որ Ղարաբաղը հայոց պետականության կենտրոնն է այսօր, որովհետև ռազմական գծի առաջին հարված ստացողն է լինելու, ու ողջ հայ ազգն ուղիղ նայում է Ղարաբաղին: Մենք պարտավոր ենք, ուզում ենք դա, թե ոչ, այդ նամուս- թասիբը պահենք»: Ժողովրդին ասաց. «Դուք եք որոշում ձեր իշխանությունը լավն է, վատն է, պահում եք, չեք պահում»:

Շատ վիրավորված՝ հերքեց, որ ինքն ու իր մոտեցումները «հնացած են». «Ադրբեջանն ունի հակահրթիռային համակարգ, որը կոչվում է «Железный купол», իսրայելական, չորս հատ դիվիզիոն է գնել... ու կարող եմ տեղերն էլ ասել, թե Ադրբեջանի որ տարածքում է տեղակայված: Եթե նշված անձը հայտարարում է, որ աշխարհում երեք նման համակարգ ունեցող պետություն կա, ապա հուշում եմ, որ չորրորդն էլ Ադրբեջանն է: Հիմա ես եմ հնացա՞ծ, թե՞ իրենք»: Պատասխանեց նաև օրվա հարցին. «Մենք անպետք հող չունենք, անպետք հող չկա, առաջին: Երկրորդ` այդ հողերը, այդ տարածքը Ղարաբաղի երրորդ ամենախոշոր գյուղն է եղել սովետական տարիներին... ամենամեծ հնարավորություններն ունեցել է Թալիշ գյուղը: Թալիշը պարզապես գյուղ չի... Ի՞նչ անպետք հողերի մասին է խոսքը»:


Այսքանն «արքայի» մասին, ի՞նչ էր անում շքախումբը: Պահանջում էր հանդիպում ԼՂՀ նախագահի հետ՝ մեկ, և երկրորդ՝ Սամվել Բաբայանին ԼՂՀ պաշտպանության նախարար նշանակել: Գլխավոր գործող անձը ԼՂՀ ԱԺ «Վերածնունդ» խմբակցության միակ պատգամավոր Հայկ Խանումյանն էր, որ փորձեց բանակցել նախագահի հետ հանդիպման համար և անհաջողությունից հետո հայտարարեց. «Բակո Սահակյանը չկարողացավ իրականացնել Սահմանադրությամբ իր վրա դրված պահանջը: Կամ ընդունում են մեր առաջարկը, կամ հաջորդ անգամ այլ պահանջով ենք հավաքվելու»: Հասկանալի է, չէ՞, «այլ պահանջը»:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ. Գ. ՈՒ ի՞նչ: Ներքաղաքական առումով Ռոբերտ Քոչարյանը Արցախում բեմադրեց իր քաղաքական վերադարձի սցենարը, բայց՝ Հայաստանում: Սամվել Բաբայանը նրա համար գտնված երազի պես է՝ հասարակական ընկալում ստանալու, դժգոհությունը կոնսոլիդացնելու իշխանության դեմ՝ կարևոր չէ՝ Հայաստանի, թե Ղարաբաղի: Պետք է յուրայիններին համախմբել, ոչյուրայիններին զգուշացնել, ժողովրդին ուժ ցույց տալ՝ ընտրությունները մոտենում են: Գիրուկ գեներալը փայլուն տարբերակ է համատեղելու բոլոր խնդիրների լուծումները մեկ անձի մեջ՝ պատերազմի հերոս, քաղաքական խաղերի «զոհ», Շուշիի բերդի կալանավոր՝ Սամվել Բաբայանի անցյալում ամեն ինչ կա՝ թե կոռուպցիա, թե կոռուպցիայի դեմ պայքարի մարտիկ դառնալու համար: Նրա ելույթը Ստեփանակերտում հակասությունների կծիկ է՝ մի կողմից մատնանշում է Սահմանադրությունը, որով չի կարող զբաղվել քաղաքականությամբ, մյուս կողմից՝ հայտարարում է՝ ժողովուրդը կորոշի: Մի կողմից ասում է, որ իշխանությունների դեմ չի պայքարելու, մյուս կողմից՝ հայտարարում՝ «Դուք եք որոշում ձեր իշխանությունը լավն է, վատն է, պահում եք, չեք պահում»:

Պարզ հարց՝ ի՞նչ է նշանակում «Ես պարտավոր եմ եղել գալ ու լինել ձեր կողքին, ձեր հետ, որովհետև ինձ համար գլխավորը ժողովուրդն է»: Ինչո՞ւ պարտավոր չէր ապրիլի սկզբին, պարտավոր է հիմա: Ո՞վ է պարտավորեցրել: Ի՞նչ է անելու տանը նստած ժողովրդի անվտանգությունն ապահովելու համար: Իրականում դատարկ խոսքերի տակ պարզ երևում է պատվիրատուն: Ապրիլյան քառօրյա պատերազմում Բաքվին աջակցած Կրեմլը իր դիվանագիտական խնդիրը չլուծեց: 800 հեկտար Ղարաբաղից պոկելը շատ քիչ է՝ սեփական խաղաղապահներին շփման գծում շարելու, Բաքվին Արևմուտքից կտրելու համար: Դեռ Մինսկի խումբն էլ առաջ է տանում հետաքննության մեխանիզմների տեղակայման խնդիրը, որը պետք է կանխել ցանկացած գնով: Երբ արտաքին ապակայունացումը ձախողվում է, խաղի մեջ է դրվում ներքինը: Քչերը երևի ուշադրություն դարձրին՝ քառօրյա պատերազմի օրերին ռուսական մամուլը գրում էր, որ Հայաստանի ընդդիմությունը դեմ է իշխանության քայլերին Ղարաբաղի հարցում: Ո՞ր ընդդիմության մասին էր խոսքը, այդպես էլ չպարզվեց:

Հիմա է պարզվում: Որքան էլ գիրուկ գեներալը ժխտի, նրա քայլերն ակնհայտ են դարձնում, որ նա Կրեմլից Հայաստան, այս անգամ՝ նաև Ղարաբաղ գործուղված հերթական ֆիգուրն է, որին օգտագործելուց հետո, նախորդների նման, արխիվ են հանձնելու: Մինչ այդ նրա միջոցով փորձելու են իշխանությանը պարտադրել իրենց կամքը: Խառնակությունը Ղարաբաղում այս պահին բանակցություններին խանգարելու միջոց է նվազագույնը, կա նաև արտաքին աշխարհում իր ժողովրդավարությամբ Բաքվի բռնապետական ռեժիմից տարբերվող ԼՂՀ իշխանություններին վարկաբեկելու խնդիրը: Պատերազմող երկրում ներքին երկպառակությունը առավելագույն ընծան է, որ Մոսկվան կարող է մատուցել Բաքվին: Եթե խաղը խորանա, Սահմանադրությունը մի կողմ դրած՝ «ժողովրդի պահանջով» Սամվել Բաբայանին կփորձեն առաջադրել Ղարաբաղի նախագահ՝ խոստանալով Ստեփանակերտին բանակցային սեղան վերադարձնելու հարցը լուծել: Ինչո՞ւ է գեներալը համաձայնել անպատվաբեր դերին: Ինչո՞ւ ոչ: Պարտատերերից Մոսկվայում ապաստանած՝ հիմա վերադառնում է տուն՝ առանց պարտքի, «մտքի հեղափոխություն» անելու բավարար ֆինանսներով ու քաղաքական ռևանշի հեռանկարով: Գուցե և ստացվի: Իրական հեղափոխությունը սովորաբար կանխում են կեղծ հեղափոխականներով: Նրա հաջողության հասնելու գաղտնիքը ոչ թե իր ուժը, այլ իշխանության սխալներն են: Հին ու նոր: Իսկ հետևանքը մեծացող Եռաբլուրն է:

Դիտվել է՝ 2194

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ